Apple-ը ճնշումը չափելու գործառույթով ֆիթնես-թևնոց է արտոնագրել
Ամերիկյան Apple ընկերությունը կարող է արյան ճնշումը չափելու գործառույթով ֆիթնես-թևնոց թողարկել, որը կաշխատի ճնշումնաչափի սկզբունքով: Այդ մասին է վկայում ԱՄՆ արտոնագրերի և առևտրանշանների գերատեսչության կողմից հրապարակված ընկերության նոր արտոնագրի բովանդակությունը, հայտնում է Appleinsider-ը:
Հաղորդվում է, որ նորագույն տեխնոլոգիան կկարողանա միանալ Apple-ի արդեն գոյություն ունեցող սարքերին, հետևել զարկերակային ճնշման ցուցանիշներին և տվյալները փոխանցել այլ սարքերի՝ հետագա վերլուծության համար:
Նոր սարքը բաղկացած է ձգվող թևակալից, չափիչ սենսորներից և գլխավոր սարքի հետ կապի համար նախատեսված ինտերֆեյսներից:
Ի տարբերություն Apple Watch-ի, որոնք ձևավորում են համապատասխան արդյունքներ սրտի կծկումների հաճախակիության մասին տվյալների հիման վրա, նոր ապրանքը կաշխատի ճնշումնաչափի սկզբունքով:
Եթե տեխնոլոգիան դուրս գա մշակման փուլից և մտնի շուկա, դա կլինի Apple-ի առաջին զուտ բժշկական ուղղվածության սարքը:










