Մոսկվան ցանկանում է հասանելիություն ունենալ Հայաստանում և Ղազախստանում ամերիկյան լաբորատորիաներին. «Коммерсантъ»
Ռուսաստանի և ՀԱՊԿ-ում իր դաշնակիցների միջև բազմաթիվ խնդրահարույց հարցեր կան. Մոսկվան դժգոհ է անդամ երկրների տարածքում ամերիկյան լաբորատորիաների տեղակայման, ինչպես նաև Աստանայի և Վաշինգտոնի միջև Աֆղանստան բեռների տարանցման վերաբերյալ պայմանավորվածությունների առնչությամբ, գրում է «Коммерсантъ»-ը:
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հունիսի 11-ին Մոսկվայի համար այդ զգայուն հարցերը բարձրացրել է Ալմաթիում ՀԱՊԿ արտգործնախարարների հանդիպմանը:
Խնդրահարույց հարցերից մեկը, մասնավորապես, Հայաստանի և Ղազախստանի տարածքում ռեֆերենս-լաբորատորիաների գոյությունն է, որոնք բացվել են ԱՄՆ-ի ֆինանսական աջակցությամբ և անհանգստացնում են Ռուսաստանին: Նման լաբորատորիաներ են գործում նաև Ուկրաինայում և Վրաստանում:
«Մեր հատուկ ծառայություններն ու գիտնականները մտահոգված են այդ լաբորատորիաների առնչությամբ: Չեն բացառում, որ դա ինչ-որ կերպ կարող է հետագայում օգտագործվել մեր դեմ: Չէ՞ որ նրանք դրանք Արևմտյան Եվրոպայում չեն ստեղծում»,- լրատվամիջոցի հետ զրույցում ասել է ռուսական պատվիրակությունից դիվանագետ, ում անունը չի նշվում:
Նրա խոսքով՝ Մոսկվան այդ լաբորատորիաներին հասանելիություն ունենալու ցանկություն է հայտնել։
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ Երևանի հետ անգամ քննարկվում է կենսաբանական հետազոտությունների ոլորտում համագործակցության վերաբերյալ առանձին փաստաթղթի ստորագրման հնարավորությունը: Ռուսական կողմի մտահղացման համաձայն՝ փաստաթուղթը պետք է ռուս մասնագետներին հասանելիություն տրամադրի Հայաստանի տարածքում գործող լաբորատորիաներին:










