Պերուում հեթանոսական ծեսի ժամանակ զոհաբերված երեխաների զանգվածային գերեզման են հայտնաբերել (լուսանկարներ, տեսանյութ)
Պերուում 56 երեխայի կմախք են հայտնաբերել, որոնց զոհաբերել են հեթանոսական ծիսակարգի ժամանակ, գրում է Comercio-ն։
Պարբերականը նշում է, որ հնագետները կմախքները հայտնաբերել են Տրուխիլյո նահանգում՝ դեռ մայիսի սկզբին, սակայն լրատվամիջոցների հետ իրենց հայտնագործությամբ կիսվել են միայն այժմ։
Երեխաների ոսկորներից բացի, գտնվել են նաև այծուղտի ձագերի կմախքներ, որոնց նույնպես զոհաբերել են։
Հնագույն զանգվածային գերեզմանը կարող է լինել շուրջ 600 տարվա։ Հնագետների համաձայն՝ երեխաներին զոհաբերում էին հեթանոս աստվածներին՝ եղանակային կատակլիզմները կանխելու հույսով։
Գիտնականները հիշեցնում են, որ Պերուի մոտակայքում ակտիվ է Էլ Նինյո կլիմայական ֆենոմենը, այն Խաղաղ օվկիանոսի արևելյան արևադարձի ծովի մակերևույթի ջերմաստիճանի և քամիների անկանոն պարբերական տատանումների տաքացման փուլն է համարվում, որն ազդում է արևադարձային և ենթաարևադարձային գոտիների մեծ մասի վրա։ Այն կարող է հորդառատ անձրևների ու ջրհեղեղների պատճառ դառնալ ցամաքում։

















