Ինձ հարազատ մարդ խնդրել էր երաշխավոր կանգնել. Նունե Եսայանը պարզաբանում է իր դեմ ուղղված նամակը
Երգչուհի Նունե Եսայանը այսօր մամուլի ասուլիսին ներկայացրեց իր անվան շուրջ շրջանառվող տեղեկությունները և պատասխանեց իր անձի դեմ ուղղված նամակին: Նա պարզաբանեց, որ հինգ տարի առաջ իրեն հարազատ մարդ խնդրել է երաշխավոր կանգնել և նա համաձայնել է:
Հիշեցնենք, որ օրերս հրապարակվել էր փաստաբան Դավիթ Ասատրյանի նամակը՝ ուղղված պատկան մարմիններին:
Դրանում ներկայացված էր գործի նախապատմությունը, համաձայն որի քաղաքացի Ա. Անտոնյանը իր ընտանիքի անդամների հետ բնակվում է մինչ օրս ՀՀ Կոտայքի մարզ գ․ Ջրվեժ, 7-րդ փողոց 14 տուն հասցեում՝ սկսած 1970թ․-ից։ Հիշյալ տունը կառուցել է Ա. Անտոնյանի ընտանիքը։ Ա. Անտոնյանին մոլորության մեջ 2010թ․-ին շինծու գործարքների հիման վրա բնակարանը օտարել է իր թոռանը՝ Կ․ Կ-ին, իսկ այնուհետև այդ տունը անցել է Նունե Եսայանի սեփականությանը։ Այդ շինծու գործարքներին մասնակից է եղել նաև Ն. Եսայանը։
Նունե Եսայանը նշեց, որ այն մարդը, ում համար ինքը երաշխավոր է կանգնել, որոշ ամիսներ վճարումները նորմալ կատարել է, այնուհետև դադարեցվել են և իր անձնական հաշվից է այդ գումարները գանձվել: Նա ասաց, որ լինելով «Կոնվերս բանկի» հավատարիմ հաճախորդ, դիմել է բանկին, իրավաբաններին, որ լուծում ստանա հարցը:
Նա նշեց, որ լուծումներից մեկն այն էր, որ գրավոր դիմում են բանկին և բանկը աճուրդով վաճառում է բնակարանը, կամ փրկում են տունը, ինքը վճարում է բանկին գումարը: Նա նշեց, որ ընտրել է երկրորդ տարբերակը և հինգ տարի շարունակ այդ մարդիկ ապրել են այդ տանը:
Նունե Եսայանն ասաց, որ ի վերջո դիմել են ոստիկանությանը, որ այդ մարդիկ դուրս գան և ինքը կարողանա վաճառել տունը: «Այդ ամբողջ վտարման գործընթացը երեկ էր, որը դադարեցվել է և մենք կգանք ինչ-որ հայտարարի ու կհանգուցալուծվի հարցը»,-ասաց նա և նշեց, որ նամակի հեղինակները շուտով հերքում կտարածեն, ներողություն կխնդրեն և կնշեն, որ իրենց նկատմամբ սխալ են վարվել;
Նունե Եսայանը բացահայտեց, որ ինքը երաշխավոր կանգնել է քրոջ փեսայի համար և նրա այդ նամակը զարմացրել է քրոջ ընտանիքին: Ըստ նրա՝ դա փոքրիկ շանտաժ է:
Հարցին, թե ինչ համաձայնության են եկել, երգչուհին նշեց, որ իր ընտանիքի հարցերը հանրային չի դարձնում: «Ես զայրացած եմ, բայց իմ բնույթով այնպիսին եմ, որ հունից հանելը դժվար է, ես համաստեղությամբ առյուծ եմ, շատ համբերատար եմ, կարող եմ ներել մարդուն ու վաղը ընդունել ինչպես անցյալում»,-ասաց նա և նշեց, որ ինքը պարզապես պաշտպանել է իր իրավունքը:










