Tesla-ն օգոստոսին «լիարժեք» ինքնակառավարման համակարգ կունենա. Մասկ
Օգոստոսին Tesla ամերիկյան մեքենաշինական ընկերությունը կթարմացնի Autopilot համակարգի ծրագրային ապահովումը, որն օգտագործվում է ընկերության էլեկտրամեքենաներում՝ հասցնելով այն «Տարբերակ 9»-ի («Version 9»)։ Այս մասին Twitter-ում գրել է ընկերության ղեկավար Իլոն Մասկը, տեղեկացնում է Phys.org-ը:
Պատասխանելով ավտոպիլոտի հետ կապված խնդիրներից բողոքող օգտատիրոջ հարցերին՝ Մասկը պատմել է, որ համակարգն ամբողջությամբ կավտոմատացվի օգոստոսին: Հայտնի է, որ այժմ ավտոպիլոտն աշխատում է կիսաավտոմատ համակարգով:
«Համակարգի բոլոր ռեսուրսներն ամբողջությամբ ուղղված են անվտանգության ապահովմանը: «Տարբերակ 9»-ի հետ մեր ավտոմեքենաներն ամբողջությամբ ինքնավար կդառնան», - գրել է նա:
Նշվում է, որ Մասկը դեռևս չի ներկայացրել ամբողջությամբ ինքնավար համակարգով աշխատող ավտոմեքենաների վերաբերյալ մանրամասները:










