Աֆրիկայի ամենահին ու ամենամեծ ծառերը՝ բաոբաբները, կլիմայական փոփոխությունների պատճառով արագ չորանում են
Աֆրիկա մայրցամաքի բուսական աշխարհի արժեքավոր մաս են կազմում հնամենի բաոբաբները, որոնք կլիմայական փոփոխությունների պատճառով արագորեն չորանում են:
Ինչպես նշում է Daily Mail-ը, բաոբաբներն Աֆրիկայի ամենահին ու ամենամեծ ծառերն են, որոնք ունեն մի քանի հազար տարվա պատմություն: Այժմ դրանց մի մասն ամբողջովին չորացել է, իսկ մյուս մասն էլ՝ մասամբ:
Նման հայտարարությամբ են հանդես եկել ռումինացի, հարավաֆրիկացի ու ամերիկացի գիտնականները, որոնք տարիներ շարունակ ուսումնասիրել են 1.100-2.500 տարվա պատմություն ունեցող հաստաբուն ծառերը:
«Մենք ահազանգում ենք, որ հնագույն 13 ծառից 9-ը չորացել է: Դա տեղի է ունեցել վերջին 12 տարվա ընթացքում»,-նշվում է Nature Plants ամսագրում: Գիտնականները մանրամասնել են, որ չորացումը տեղի է ունենում աննախադեպ արագությամբ:
Հայտնի է, որ բաոբաբն ամենամեծ ու երկարակյաց ծաղկող ծառն է, որը կարող է մինչև 3.000 տարի ապրել:










