Սթիվեն Հոքինգի ձայնը «կուղարկվի» տիեզերք
Վեսթմինսթերյան աբբայությունում կկայանա ֆիզիկոս, տիեզերաբան, «Ժամանակի հակիրճ պատմությունը» աշխատության հեղինակ Սթիվեն Հոքինգի աճյունամոխրի թաղման արարողությունը, ինչից հետո նրա ձայնի ձայնագրությունը կուղարկվի տիեզերք՝ 1A 0620-00 կոչվող սև խոռոչ:
Գիտնականի ձայնագրությունն ուղեկցվելու է հատուկ գրված երաժշտությամբ:
«Ազդակը կփոխանցվի ամենամոտ գտնվող սև խոռոչի՝ 1A 0620-00-ի ուղղությամբ՝ Եվրոպական տիեզերական գործակալության սարքավորումների միջոցով»,-հայտնել է գիտնականի դուստրը:
Ինչպես հայտնում է ria.ru-ն, Հոքինգի աճյունամոխրով տարան կթաղվի մեծագույն գիտնականներ Իսահակ Նյուտոնի ու Չարլզ Դարվինի շիրիմների մեջտեղում:
Հիշեցնենք, որ Հոքինգը մահացել է ընթացիկ տարվա մարտին՝ 76 տարեկանում: Պրոֆեսորը, որի գաղափարների շնորհիվ ձևավորվել է ժամանակակից տիեզերաբանությունն ու ընկալելի դարձել բազմամիլիոնանոց ոչ մասնագիտական լսարանի համար, մահացել է իր տանը՝ հարազատներով շրջապատված:
Հոքինգը տառապում էր հազվագյուտ հիվանդությամբ (մկանների ապաճման երկրորդային կարծրախտ), որը նրա մոտ ախտորոշվել էր 21 տարեկանում: Այս հիվանդությունը տասնամյակներ շարունակ նրան աստիճանաբար անդամալույծ էր դարձրել։










