Սթիվեն Հոքինգին հուղարկավորել են Իսահակ Նյուտոնի և Չարլզ Դարվինի գերեզմանների միջև
Բրիտանացի հայտնի գիտնական, սև խոռոչների ուսումնասիրությամբ զբաղվող տեսաբան-ֆիզիկոս Սթիվեն Հոքինգի աճյունասափորը տեղադրվել է Վեստմինստերյան աբբայության Գիտնականների անկյունում՝ Իսահակ Նյուտոնի և Չարլզ Դարվինի գերեզմանների միջև: Ինչպես տեղեկացնում է ТАСС գործակալությունը, հուղարկավորության արարողությունը տեղի է ունեցել ուրբաթ:
«Այստեղ հանգչում է մահկանացու Սթիվեն Հոքինգը, 1942-2018» գրությունն է պատկերվել գիտնականի գերեզմանի տապանաքարին:
Ինչպես ոգեկոչման ելույթում նշել է Մեծ Բրիտանիայի թագավորական աստղագետ Մարտին Ռիսը, պորֆեսոր Հոքինգի անունը կմնա «գիտության տարեգրության մեջ»: «Էյնշտեյնի ժամանակներից ի վեր ոչ ոք չէր արել ավելին՝ տարածության և ժամանակի մեր ընկալումը խորացնելու համար», - հավելել է աստղագետը:
Այսօր՝ ավելի վաղ, հայտնի էր դարձել, որ «Ժամանակի հակիրճ պատմությունը» աշխատության հեղինակ Սթիվեն Հոքինգի աճյունամոխրի թաղման արարողությունից հետո նրա ձայնի ձայնագրությունը կուղարկվի տիեզերք՝ 1A 0620-00 կոչվող սև խոռոչ:










