Մեկնարկել է «ԲարՔեմփ» վարպետության դասերի շարքը. ելույթներ կլինեն ծրագրավորման, մեքենաշինության, էլեկտրական թռչող տրանսպորտի մասին
Մեկնարկել է «ԲարՔեմփ Երևան 2018»-ը, որի նպատակն է գիտելիքների, հմտությունների և փորձի փոխանակումը, ՏՏ ոլորտում նոր կապերի ստեղծումը:
Շուրջ 10 տարի է, ինչ «ԲարՔեմփ»-ը միավորում է ՏՏ ոլորտի հազարավոր մասնագետների, անցկացնում վարպետության փոքրիկ դասեր տարբեր թեմաներով և այդ միջոցով փոխանցում մարդկանց նոր գիտելիքներ:
Այս տարի, կազմակերպիչների խոսքով, ելույթներ կան ծրագրավորման, մեքենաշինության, էլեկտրական թռչող տրանսպորտի տեսակների և այլնի մասին:
Ելույթներով հանդես կգան Երևան ժամանած մասնագետներ՝ Էվան Շելհամերը, Լեոնիդ Կուլիգինը, ովքեր կխոսեն արհեստական բանականության մասին, Դանիել Տոնկոպիյը, ով կխոսի ապագայի տրանսպորտի մասին, Եվգենի Կալուժնին ելույթ կունենա փոքր հրթիռների մասին:
«ԲարՔեմփ Երևան 2018»-ին բացվել է նաև աշխատաշուկա, որին մասնակցելու են տասնյակ ՏՏ ընկերություններ:










