Վրաստանը մտադիր է խաղող աճեցնել Մարսի վրա
Վրաստանը միացել է տիեզերական հետազոտությունների ծրագրին՝ առաջարկելով խաղող աճեցնել Մարսի վրա: Այս մասին հայտնում է «Sputnik Վրաստան»-ը՝ հղում անելով երկրի Ազգային թանգարանին:
Վրաստանի Ազգային թանգարանում պատմել են, որ ՆԱՍԱ-ի (Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալություն) տիեզերագնացներն արդեն սննդամթերքի աճեցման ուղղությամբ մի քանի բարեհաջող փորձարկում են իրականացրել տիեզերակայանում:
«Այն ներուժը, որ Վրաստանն ունի այս ոլորտում, բացառիկ է աշխարհում, քանի որ այն վերաբերում է որթատունկի մշակման հնագույն մշակույթին», - ասվում է Ազգային թանգարանի հաղորդագրությունում:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Վրաստանում աշխատանքային խումբ կստեղծվի պետական կառույցների, ինչպես նաև՝ կրթական ու հետազոտական հաստատությունների ներկայացուցիչներից:
Ծրագրի առաջին փուլում նախաձեռնող խմբում կներառվեն Վրաստանի կրթության ու գիտության նախարարությունը, Ազգային թանգարանը, Բիզնեսի ու տեխնոլոգիաների համալսարանը, Microsoft ընկերության ներկայացուցիչ Նիկոլոզ Դոբորջգինիձեն ու Space Farms ընկերությունը:
Նախագծի մշակմանը մասնակցել է նաև վրացական Windfor's ստեղծարարական գործակալությունը:
Նշվում է, որ Թբիլիսիի հյուրանոցներից մեկում ստեղծվում է տարածաշրջանում առաջին ուրբանիստական ջերմոց-լաբորատորիան, որով կզբաղվի Space Farms ընկերությունը:
Ջերմոց-լաբորատորիան կսկսի աշխատել 2018 թվականի սեպտեմբերից: Այնտեղ կաճեցվեն, կհետազոտեն ու կզարգացնեն որթատունկի հատուկ տեսակներ:










