Ամերիկացի գիտնականները սովորեցրել են ռոբոտին «կարդալ» մարդու մտքերը
Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինտիտուտի և արհեստական ինտելեկտի լաբորատորիայի գիտնականները ռոբոտին սովորեցրել են սկանավորել մարդու ուղեղը:
Ինչպես գրում է Корреспондент-ը՝ վկայակոչելով գիտական աղբյուրը, հատուկ այս նպատակի համար լեզու է մշակվել, որի հիմքում ընկած է ուղեղի ալիքների և ժեստերի համադրումը: Տեխնոլոգիայի հեղինակները հայտնել են, որ փորձարկումները հաջող են անցել:
Ամերիկյան ինստիտուտի մասնագետների կարծիքով՝ ռոբոտ սարքի ցուցադրած արդյունքները տատանվում են 70-97 տոկոսի սահմաններում:
Տեխնոլոգիայի գաղափարն այն է, որ ռոբոտ սարքը ակնթարթորեն ըմբռնի և կրկնօրինակի մարդու ձեռքերի շարժումները և ուղեղի ազդակները՝ որոշակի գործողություններով արձագանքելով դրանց:
Ներկայում տեխնոլոգիան մշակման նախնական փուլում է գտնվում: Գիտափորձին մասնակցել են կամավորն ու մարդանման ռոբոտը: Նախագիծը մասամբ ֆինանսավորվում է Boeing ընկերության կողմից:
Տեխնոլոգիայի գլխավոր նպատակը սահմանափակ հնարավորություններ ունեցող անձանց և տարեցների կողմից ռոբոտների կառավարումը հեշտացնելն է:










