ՆԱՍԱ-ն Երկիրը հսկայական աստերոիդներից պաշտպանելու նոր պլան է մշակել
ԱՄՆ կառավարությունը Երկիր մոլորակն աստերոիդներից պատշպանելու նոր պլան է մշակել: Այս մասին հայտնում է Fox News-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ ՆԱՍԱ-ի (Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալություն) մասնագետներն այլ ամերիկյան գերատեսչություններից իրենց գործընկերների և ոչ կառավարական փորձագետների հետ բացահայտել են «բոլոր այն աստերոիդների 95 տոկոսը, որոնք այնքան մեծ են, որ կարող են գլոբալ աղետ առաջացնել» Երկրի հետ բախվելու դեպքում:
Ընդ որում՝ Սպիտակ տան գիտության ու տիեզերական տարածության ուսումնասիրության վարչության ներկայացուցիչ Ահարոն Մայլզն ընդգծել է, որ հայտնաբերված օբյեկտներից և ոչ մեկը սպառնալիք չի ներկայացնում այս հարյուրամյակում:
ԱՄՆ կառավարությունը մի շարք «ռազմավարական նպատակներ» է դրել, այդ թվում՝ պոտենցիալ վտանգավոր աստերոիդների հայտնաբերման և հետևելու տեխնոլոգիաների կատարելագործում, այդ հարցերի շուրջ միջազգային համագործակցության ամրապնդում, ինչպես նաև՝ արտակարգ իրավիճակների դեպքում գործողությունների տարբերակների մշակում:










