Թրամփը զարմանք է հայտնել արտադրության մի մասն ԱՄՆ-ից դուրս բերելու մասին Harley Davidson-ի որոշման առնչությամբ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զարմանք է հայտնել, որ մոտոցիկլետներ արտադրող Harley Davidson ընկերությունն իր արտադրության մի մասը դուրս է բերում ԱՄՆ-ից՝ Եվրամիության մաքսատուրքերի պատճառով, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Զարմացած եմ, որ Harley Davidson-ը դարձել է սպիտակ դրոշ ծածանող բոլոր ընկերություններից առաջինը: Ես քիչ չեմ պայքարել նրանց համար, իսկ արդյունքում նրանք չեն վճարելու ԵՄ-ում վաճառքներից մաքսատուրքերը, որը մեզ քիչ վնաս չի պատճառել առևտրում, 151 միլիարդ դոլարի հավասարակշռության խախտում»,- գրել է Թրամփը Twitter-ի իր էջում:
Ավելի վաղ Սպիտակ տան առևտրի և արտադրության հարցերով խորհրդական Պիտեր Նավարոն CNBC հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ իշխանությունները կցանկանային, որ Harley Davidson-ն ավելի շատ մոտոցիկլետներ արտադրեր ԱՄՆ տարածքում: Նա վստահություն է հայտնել, որ վարչակազմի ընթացիկ առևտրային քաղաքականությամբ ամեն ինչ հենց այդպես էլ կզարգանա:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Harley Davidson-ը որոշել է իր արտադրության մի մասն ԱՄՆ-ից դուրս բերել՝ ԵՄ-ի մաքսատուրքերի պատճառով: Հունիսին Եվրահանձնաժողովը 25 տոկոսի մաքսատուրք է սահմանել ԱՄՆ-ից Եվրամիություն որոշակի ապրանքների ներկրման համար՝ իրավիճակը հավասարակշռության բերելու նպատակով՝ ի պատասխան ալյումինի և պողպատի արտադրանքի համար ԱՄՆ-ի սահմանած մաքսատուրքերի:










