Գիտնականներն օդի ջերմաստիճանի նոր ռեկորդ են արձանագրել Անտարկտիդայում
ԱՄՆ-ից ու Նիդեռլանդներից գիտնականների թիմը հաղորդել է Անտարկտիդայում արձանագրված նոր ջերմաստիճանային ռեկորդի մասին: Համապատասխան հոդվածը հրապարակվել է Geophysical Research Letters ամսագրի կայքում:
Ինչպես նշվում է հոդվածում, 2004-2016 թվականներն ընկած ժամանակահատվածում գիտնականներին հաջողվել է արձանագրել մոտ 100 դեպք, երբ մայրցամաքի արևելյան մասում օդի ջերմաստիճանը նվազել է մինչև -98 աստիճան:
Գիտնականների համաձայն՝ այսպիսի ջերմաստիճանային անոմալիաներ նկատվել են փոքր հովիտներում՝ չոր և անամպ եղանակային պայմաններում:
Հոդվածում ասվում է, որ ջերմաստիճանային ռեկորդների մասին տվյալները ստացվել են արբանյակից դիտարկումներ անելու արդյունքում: Ընդ որում՝ ավելի վաղ աշխարհի ամենացուրտ վայր է համարվել «Վոստոկ» ռուսական գիտական կայանը, որտեղ 1983 թվականի հուլիսի 23-ին արձանագրվել է -89.2 աստիճան:










