Ճապոնական տիեզերական զոնդն ավելի քան 3 մլրդ կմ է անցել 3 տարում և հասել իր նպատակին

13:06 • 27.06.18

Ճապոնական «Հայաբուսա-2» զոնդը տիեզերքում 3 տարի անցկացնելուց հետո հասել է իր նպատակին՝ 20 կմ հեռավորության վրա մոտենալով Ռյուգու աստերոիդին: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն՝ հղում անելով Ճապոնական աերոտիեզերական գործակալությանը (JAXA)։

Նշվում է, որ տիեզերական զոնդը գործարկվել է 2014 թվականին: Երեքուկես տարում այն ընդհանուր առմամբ 3.2 միլիարդ կմ տարածություն է անցել:

Հայտնի է, որ Ռյուգու աստերոիդի հեռավորությունը Երկրից 2.8 միլիարդ կմ է, և դրա տրամագիծը մոտ 900 մետր է:

Աղբյուրը մանրամասնում է, որ զոնդը մոտ մեկուկես տարի կգտնվի աստերոիդի մոտ: Այդ ընթացքում այն երեք անգան կփորձի բնահողի նմուշներ վերցնել, այնուհետև բերել դրանք Երկիր: Նմուշ վերցնելու առաջին փորձը զոնդը կիրականացնի արդեն աշնանը:

Նմանատիպ առաջադրանք Իտոկավա աստերոիդի վրա իրականացրել է նախորդ զոնդը՝ «Հայաբուսա»-ն, 2010 թվականին: Ռյուգու աստերոիդի ուղեծիրն անցնում է Երկրի ու Մարսի ուղեծիրների մոտակայքով, ինչը թույլ է տալիս գիտնականներին ենթադրել, որ գրունտի մեջ կարող են ջրի և օրգանական նյութերի հետքեր հայտնաբերվել:

Ռյուգու աստերոիդի լուսանկարը, որն արվել է «Հայաբուսա-2» զոնդի միջոցով՝ 40 կմ հեռավորությունից.

 

 

Ճապոնական տիեզերական զոնդն ավելի քան 3 մլրդ կմ է անցել 3 տարում և հասել իր նպատակին