Ներդրողները պահանջում են Ցուկերբերգի հրաժարականը Facebook-ի ղեկավարի պաշտոնից. Business Insider
Ամերիկյան Facebook ընկերության խոշոր ներդրողները, որոնց ընդհանուր առմամբ պատկանում է 3 մլրդ դոլարի արժեթուղթ, մտադիր են պաշտոնից հեռացնել ընկերության համահիմնադիր և գործող նախագահ Մարկ Ցուկերբերգին:
Business Insider-ի փոխանցմամբ՝ ներդրողների նպատակն է միլիարդատիրոջը զրկել ընկերությունում ունեցած իշխանությունից: Աղբյուրի ունեցած տեղեկությունների համաձայն՝ ներդրողներին դուր չի գալիս այն, թե ինչպես է Ցուկերբերգը ղեկավարում սոցցանցը:
Ներդրողները պնդում են, որ իրենց ներկայիս ֆինանսական վիճակը 2012թ. ի վեր վատագույնն է:
Բացի այդ, նրանց հիասթափեցրել են սոցկայքի շուրջ ծագած սկանդալները, մասնավորապես՝ տասնյակ միլիոնավոր օգտատերերի անձնական տվյալներն առանց նրանց իմացության երրորդ կողմին փոխանցելու, ինչպես նաև 2016թ. ԱՄՆ-ում կայացած նախագահական ընտրությունների ելքի վրա ազդելու վերաբերյալ շոկային բացահայտումները:
Դժգոհ ներդրողներն այս ամենը կապում են Ցուկերբերգի վատ կառավարման հետ: Նրանք համոզված են, որ ընկերության առաջ ծառացած բոլոր խնդիրներին համարժեք արձագանք չի տրվել, քանի որ կորպորատիվ կառուցվածքը Ցուկերբերգին անձեռնմխելի է դարձրել ընկերության գործադիր տնօրենի ու կառավարման խորհրդի նախագահի պաշտոններում:
Այժմ ներդրողները բացահայտ պահանջում են Ցուկերբերգի հրաժարականը՝ ցանկանալով գործադիր տնօրենի պաշտոնում տեսնել մեկ այլ՝ անկախ մարդու: Բացի այդ, նրանք ցանկանում են չեղարկել Facebook-ի արժեթղթերի երկմակարդակ կառուցվածքը, քանի որ դա հնարավորություն է տալիս Ցուկերբերգին ու նրա թիմի բարձր օղակներին չափից շատ իշխանություն ունենալ:










