Լեհ հնագետը հարյուրավոր հնագույն ժայռապատկերներ է հայտնաբերել Տանզանիայում (լուսանկար)
Կրակովի Յագելոնյան համալսարանի հնագետ Մաչեյ Գժելչիկը նախկինում անհայտ հարյուրավոր հնագույն ժայռապատկերներ է հայտնաբերել Տանզանիայի արգելոցներից մեկում: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով pap.pl-ին:
Նշվում է, որ այս ժայռապատկերներից ամենահները մի քանի հազար տարվա են:
«Միայն այս տարի ավելի քան 50 տեղ եմ հայտնաբերել, որտեղ տարբեր հնության մի քանի տասնյակ, երբեմն նույնիսկ՝ հարյուրավոր պատկերներ են գտնվում: Այս բացահայտումը հետաքրքիր է նրանով, որ պատկերները գտնվում են ընդամենը մի քանի կմ հեռավորության վրա այն վայրից, որտեղ արդեն վաղուց ժայռապատկերների հարուստ հավաքածու է հայտնաբերվել և ներառվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում»,- պատմել է հնագետը:
Ժայռապատկերներն արվել են կարմիր ու սպիտակ ներկով: Գիտնականները ենթադրում են, որ կարմիր պատկերները մի քանի հազար տարեկան են:
«Կարմիր նկարներն առավել զանազան են: Կենդանիների պատկերներից բացի, այնտեղ երկնաքարեր ու գիսաստղեր կան: Սա հազվադեպ բան է ոչ միայն աֆրիկյան հնագիտության համար», - նշել է Գժելչիկը՝ ուշադրություն դարձնելով այն փաստին, որ նկարների հեղինակները սպիտակ ներկով չեն փակել ու չեն ոչնչացրել նախորդ պատկերները:












