ՆԱՍԱ-ն հրապարակել է «Կարմիր մոլորակի» «կապույտ» ավազաթումբը

11:11 • 28.06.18

ԱՄՆ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը՝ ՆԱՍԱ-ն, հրապարակել է ուշագրավ լուսանկար, որում պատկերված է Մարս մոլորակի ամենամեծ ավազաթմբերից մեկը:

Ինչպես նշում է space.com կայքը, լուսանկարն արվել է 2018թ. հունվարի 24-ին՝ ՆԱՍԱ-ի 720 մլն դոլարանոց Mars Reconnaissance Orbiter արբանյակի միջոցով:

Աղբյուրը մանրամասնում է, որ ավազաթումբն իրականում մոխրագույն է, բայց քանի որ «Կարմիր մոլորակի» մակերևույթը կարմրադարչնագույն է, ավազաթումբը լուսանկարում առանձնացվել է ու կապույտ գույն ստացել:

Հայտնի է, որ ավազաթումբը գտնվում է 236 կմ երկարությամբ Լիո (Lyot) հրաբխային խառնարանում:

«Սա առանձնահատուկ ավազաթումբ է, որը լուսանկարում երևում է վառ կապույտ գույնով: Հավանաբար, դրա բաղադրությունը զգալի տարբերվում է շրջապատի մյուս ավազաթմբերից»,-նշված է ՆԱՍԱ-ի՝ լուսանկարի համար գրված մեկնաբանությունում:

ՆԱՍԱ-ն հրապարակել է «Կարմիր մոլորակի» «կապույտ» ավազաթումբը