Samsung-ի հեռախոսներն առանց օգտատերերի իմացության ուրիշներին են ուղարկում նրանց լուսանկարները

11:29 • 03.07.18

Հարավկորեական Samsung ընկերության որոշ սմարթֆոնների աշխատանքում խափանում է տեղի ունեցել, ինչի հետևանքով սարքն առանց օգտատիրոջ իմացության կամ թույլտվության ֆոտոխցիկով արված լուսանկարներն ուղարկում է հեռախոսում եղած կոնտակտներին:

Ինչպես նշում է The Verge-ը, տեխնիկական խոտանի մասին օգտատերերը հայտնել են Reddit կայքում, ինչպես նաև ընկերության պաշտոնական ֆորումներում՝ ընդգծելով, որ խոտանը նկատվում է միայն Galaxy S9 և S9+ մոդելներում:

Օգտատերերից մեկը պատմել է, որ հեռախոսը Samsung Messages ներդրված հավելվածի միջոցով բոլոր նկարներն ուղարկել է ընկերուհուն: Հատկանշական է, որ հավելվածն օգտատիրոջն անգամ չի էլ ծանուցում նկարներն ուղարկելու մասին: Օգտատերերը կատարվածի մասին իմանում են միայն այն ժամանակ, երբ լուսանկարները ստացողներն արձագանքում են:

Samsung-ի խոսնակը, մեկնաբանելով իրավիճակը, նշել է, որ ընկերությունում ամեն ինչից տեղյակ են, ու տեխնիկական թիմերն այժմ զբաղվում են այդ հարցով:

 

 

Samsung-ի հեռախոսներն առանց օգտատերերի իմացության ուրիշներին են ուղարկում նրանց լուսանկարները