Koenigsegg-ը ներկայացրել է իր վերջին սուպերքարերը (լուսանկարներ, տեսանյութ)
Շվեդական Koenigsegg մեքենաշինական ընկերությունը ներկայացրել է Agera սուպերքարի վերջին երկու տարբերակները, որոնք ստացել են Thor և Väder անվանումները: Նորույթները ցուցադրող լուսանկարներն ու տեսանյութը հրապարակել է Motor.ru-ն:
Նշվում է, որ ավտոմեքենաները թողարկվել են Koenigsegg-ի գործարանում, որը գտնվում է շվեդական Էնգելհոլմ քաղաքում:
Motor.ru-ի հաղորդմամբ՝ հանգստյան օրերին Գերմանիայի հարավում հատուկ միջոցառում կանցկացվի, որի ընթացքում գնորդները կարող են ձեռք բերել ընկերության սուպերքարերը:
Այնուհետև ավտոմեքենաները կուղարկվեն Մեծ Բրիտանիա՝ հաջորդ շաբաթվա վերջին կայանալիք «Արագության փառատոնին» մասնակցելու համար:
Հատկանշական է, որ Koenigsegg Agera մոդելի ավտոմեքենաները կառուցվել են RS մոդիֆիկացիայի հիման վրա ու համալրված են բոլոր անհրաժեշտ հարմարություններով, որոնք արտադրողն անվճար է առաջարկել նախապատվեր արած գնորդներին:
















