Twitter-ը վերջին 2 ամսում կեղծ ու կասկածելի 70 մլն հաշիվ է արգելափակել. The Washington Post

12:43 • 08.07.18

Ամերիկյան Twitter սոցկայքը մայիս և հունիս ամիսների ընթացքում արգելափակել է ավելի քան 70 մլն կեղծ ու կասկածելի թվացող հաշիվ, հայտնում է The Washington Post-ը՝ մանրամասնելով, որ դա արվել է սոցկայքում՝ 2016թ. ԱՄՆ-ում կայացած նախագահական ընտրություններին ներազդելու փորձեր ձեռնարկած «ռուսալեզու բոտերի» հայտնաբերումից հետո:

Հեղինակավոր պարբերականը, հղում անելով իրավիճակին քաջատեղյակ աղբյուրին, նշում է, որ նախորդ տարվա հոկտեմբերից սկսած Twitter-ը կրկնակի ավելացրել է հաշիվների արգելափակման ծավալները:

Հայտնի է, որ վերջին երկու ամսվա ընթացքում սոցկայքը օրական միջինը մեկ միլիոն հաշիվ է արգելափակել:

Հիշեցնենք, որ տարեսկզբին Twitter-ում հայտնաբերվել էր 1062 հաշիվ՝ կապված «ռուսալեզու բոտերի» հետ: Նշվում է, որ 2016թ. ընթացքում այդ հաշիվներից հրապարակվել են հազարավոր թվիթեր՝ նախագահական ընտրություններին ներազդելու նպատակով:

Twitter-ը վերջին 2 ամսում կեղծ ու կասկածելի 70 մլն հաշիվ է արգելափակել. The Washington Post