Լուսնի՝ դարի ամենաերկար խավարման ժամանակ Մարսը տեսանելի կլինի. The Independent

17:39 • 09.07.18

Հուլիսի 27-ին տեղի է ունենալու Լուսնի՝ դարի ամենաերկար խավարումը, որի ժամանակ գիշերային երկնակամարում ավելի պարզ կերևա Մարս մոլորակը: Բացի այդ, կնկատվի «արյունոտ Լուսին» երևույթը, հայտնում է The Independent-ը:

Պարբերականը մանրամասնում է, որ Մարսը վերջին 15 տարում կգտնվի Երկրից ամենամոտ հեռավորության վրա: Երկրի ու Մարսի միջև հեռավորությունը կլինի 57.6 մլն կմ:

Նշվում է նաև, որ Լուսնի՝ դարի ամենաերկար խավարումը կտևի 1 ժամ 43 րոպե: Ամբողջական խավարմանը կհաջորդի մասնակի խավարումը, որը կտևի մոտ 4 ժամ:

Ուշագրավ բնական երևույթը տեսանելի չի լինի Հյուսիսային Ամերիկայի բնակիչների համար, մինչդեռ Եվրոպայի, Աֆրիկայի, Մերձավոր Արևելքի, Ասիայի հարավային հատվածի բնակիչները կկարողանան հետևել դիտարժան տեսարանին:

«Դա իսկապես ցնցող ու հազվագյուտ հնարավորություն կլինի՝ գիշերային երկնակամարում տեսնել միաժամանակ Լուսնի խավարումն ու Մարս մոլորակը: Դա հրաշալի հնարավորություն է հատկապես լուսանկարիչների համար»,-նշել է բրիտանացի աստղագետ Ռոբերտ Մասեյը:

 

Լուսնի՝ դարի ամենաերկար խավարման ժամանակ Մարսը տեսանելի կլինի. The Independent