Իլոն Մասկը փորձարկում է սուզանավը, որով փրկվելու են Թաիլանդի քարանձավում շաբաթներ շարունակ թակարդված երեխաները (տեսանյութ)
Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը փորձարկում է այն սուզանավը, որով պետք է դուրս բերվեն հունիսի 23-ից Թաիլանդի հյուսիսային հատվածում գտնվող Թհամ Լուանգ քարանձավային համալիրում թակարդված երեխաներն ու նրանց մարզիչը:
Ինչպես հայտնում է korrespondent.net-ը, փորձարկումներն անցկացվում են Լոս Անջելեսում՝ լողավազանում: Մասկն այս մասին տեղեկացրել է իր պաշտոնական թվիթերյան էջում:
Բացի այդ, SpaceX և Tesla ընկերությունների ղեկավարը փորձարկում է երեխաների դուրսբերման համար նախատեսված այլ մեխանիզմներ:
Ավելի վաղ Մասկը հայտարարել էր, որ մշտական կապի մեջ է համապատասխան մասնագետների հետ ու քննարկում է ներսում թակարդվածների դուրսբերման բոլոր հնարավոր միջոցները:
Հիշեցնենք, որ երեկ մեկնարկած փրկարարական գործողության շրջանակում 12 երեխաներից 4-ը դուրս են բերվել:
Երեխաներն արդեն տեղափոխվել են քարանձավներից 60 կիլոմետր հեռավորության վրա գտնվող հիվանդանոց, որտեղ պատրաստվել են բոլոր պայմանները քարանձավում երկու շաբաթ անցկացնելուց հետո անհրաժեշտ վերականգնման համար:
Հավելենք, որ 13 ջրասուզորդներից ու 5 հմուտ ռազմական լողորդներից բաղկացած թիմը մտել է տեղատարափ անձրևների հետևանքով մասամբ հեղեղված քարանձավ՝ նպատակ ունենալով հասնել դրա հեռավոր հատվածներում գտնվող 11-16 տարեկան երեխաներին:
Testing underwater in LA pool pic.twitter.com/CDO2mtjP2D
— Elon Musk (@elonmusk) July 8, 2018










