Tesla-ն կտրուկ բարձրացրել է էլեկտրամեքենաների գները Չինաստանում՝ մաքսատուրքերի սահմանման ֆոնին 

20:15 • 09.07.18

Էլեկտրամեքենաներ արտադրող Tesla ամերիկյան ընկերությունը կտրուկ բարձրացրել է իր մեքենաների գները Չինաստանում, երբ Պեկինը պատասխան մաքսատուրքեր է սահմանել ԱՄՆ-ից ներկրվող ապրանքների համար, այդ թվում և էլեկտրամեքենաների:

Այս մասին հաղորդում է Electrek-ը՝ նշելով, որ Model S սեդանի և Model X քրոսովերի արժեքը Չինաստանում հանգստյան օրերին ավելացել է 22 600-37 600 դոլարով՝ կախված տվյալ մոդելի հատկություններից:

Tesla Inc. ընկերությունը ներկայում արտադրական գործունեություն չի ծավալում Չինաստանի տարածքում, միևնույն ընկերությունը տեղեկացրել է Շանհայի ազատ տնտեսական գոտում գործարան կառուցելու մտադրության մասին:  

2017 թվականին ամերիկյան ընկերության եկամտի 17 տոկոսը բաժին է հասել չինական շուկային: Երկրում Tesla-ի վաճառված մեքենաների քանակը կազմել է 15 000 նմուշ:

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ ԱՄՆ-ը հայտարարել է չինական ապրանքների ներկրման համար մաքսատուրքեր սահմանելու մասին, ինչին ի պատասխան՝ Չինաստանը նմանօրինակ միջոցներ է սահմանել ներկրվող ամերիկյան ապրանքների համար:

 

Tesla-ն կտրուկ բարձրացրել է էլեկտրամեքենաների գները Չինաստանում՝ մաքսատուրքերի սահմանման ֆոնին