BMW-ն համատեղ գործարան կկառուցի Great Wall-ի հետ Չինաստանում Mini մակնիշի մեքենաներ արտադրելու համար

23:47 • 10.07.18

Լյուքս դասի մեքենաներ արտադրող գերմանական BMW AG ընկերությունը համատեղ ձեռնարկություն է ստեղծում չինական Great Wall ընկերության հետ Mini ապրանքանիշի մոդելներ արտադրելու համար:

Ինչպես հաղորդում է Bloomberg-ը, ընկերությունների միջև կնքված համաձայնագրի պայմանների համաձայն՝ ավտոարտադրողները կտիրապետեն համատեղ ձեռնարկության 50 տոկոս բաժնետոմսերին և 128,4 մլն դոլար կներդնեն առաջին փուլում:

Համատեղ ձեռնարկությունը կստանա Spotlight Automotive Limited անվանումը: Այն կզբաղվի նաև Great Wall էլեկտրամեքենաների թողարկմամբ չինական շուկայի համար:

Նորաստեղծ ձեռնարկությունը կտեղակայվի չինական Ցզյանսու նահանգում:

BMW-ի և Great Wall-ի միջև կնքված համաձայնագիրը մեկն է այն համալիր փաստաթղթերից, որոնք ստորագրվել են գերմանական և չինական ընկերությունների միջև այս շաբաթ Բեռլինում Անգելա Մերկելի և Չինաստանի պետխորհրդի վարչապետ Լի Կեցյանի միջև կայացած հանդիպման ֆոնին:

 

BMW-ն համատեղ գործարան կկառուցի Great Wall-ի հետ Չինաստանում Mini մակնիշի մեքենաներ արտադրելու համար