Facebook-ը չի հեռացնի Հոլոքոստը հերքող հաղորդագրությունները․ Ցուկերբերգ

09:56 • 19.07.18

Facebook սոցիալական ցանցի հիմնադիր ու ղեկավար Մարկ Ցուկերբերգը հայտարարել է, որ իրենք չեն հեռացնելու սոցցանցից Հոլոքոստը հերքող հաղորդագրությունները, թեև ինքն անձամբ հրեաների ցեղասպանության հերքումը վիրավորական է համարում, գրում է РИА Новости գործակալությունը։

«Ես հրեա եմ, սակայն կա մարդկանց խումբ, որ հերքում է Հոլոքոստը։ Ես դա խորապես վիրավորական եմ համարում։ Սակայն, ի վերջո, ես չեմ կարծում, որ մեր հարթակը պետք է հեռացնի դա, քանի որ, իմ կարծիքով, կան բաներ, որոնք տարբեր մարդիկ ճիշտ չեն հասկանում։ Ես չեմ կարծում, որ նրանք դա դիտավորյալ ճիշտ չեն հասկանում», - ասել է Ցուկերբերգը։

Նա նաև ընդգծել է, որ չի արդարացնում Հոլոքոստը հերքողներին, և հավաստիացրել է, որ եթե հրապարակումներն «իրենց չափը անցնեն», այսինքն՝ պարունակեն բռնություն կամ ատելություն մարդկանց որևէ խմբի նկատմամբ, ապա հաղորդագրությունը միանշանակ կհեռացվի ցանցից։

Facebook-ը չի հեռացնի Հոլոքոստը հերքող հաղորդագրությունները․ Ցուկերբերգ