Samsung-ը ճկվող էկրանով առաջին սմարթֆոնը կներկայացնի հաջորդ տարի.WSJ
Հարավկորեական Samsung Electronics Co. ընկերությունը պատրաստվում է 2019թ. սկզբին ճկվող էկրանով առաջին սմարթֆոնը ներկայացնել, հայտնում է The Wall Street Journal-ը՝ մանրամասնելով, որ սարքը կունենա 7 դյույմ անկյունագծով, մեջտեղից ճկվող էկրան:
Քաջատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ աշխարհում բջջային հեռախոսների խոշորագույն արտադրողը մտադիր է նորարարությամբ հանդես գալ ու առաջ անցնել շուկայի մրցակիցներից:
Նշվում է, որ ճկվող հեռախոսի նախնական օրինակի կոդային անվանումն է Winner («Հաղթող»): Հեռախոսը դրամապանակի պես մեջտեղից ծալվում է՝ չվնասելով մարտկոցը, տեսախցիկներն ու էկրանը:
Ենթադրվում է, որ նորույթը կվաճառվի 1500 դոլարով: Ոլորտի փորձագետների կարծիքով՝ այն նախևառաջ նախատեսված է լինելու գեյմերների համար:
Աղբյուրը հավելում է, որ վաճառքի հաջող ցուցանիշների դեպքում 2019թ. երկրորդ կեսին կսկսվի հեռախոսի զանգվածային արտադրությունը:










