Facebook-ն ԱՄՆ նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտության հարցով ապացույցներ ունի. Ցուկերբերգ

10:27 • 20.07.18

Աշխարհի խոշորագույն Facebook սոցկայքի հիմնադիր-ղեկավար Մարկ Ցուկերբերգը Recode-ին տված հարցազրույցում ասել է, որ ընկերությունն ապացույցներ ունի առ այն, որ Ռուսաստանն իրոք փորձել է միջամտել 2016թ. նոյեմբերին ԱՄՆ-ում կայացած նախագահական ընտրություններին:

Միլիարդատերը նշել է, որ ակնհայտ ապացույցներ կան այն մասին, որ ռուսները փորձել են միջամտել:

«Դեռևս ընտրություններից առաջ մենք նկատել էինք ՌԴ ռազմական հետախուզության մաս կազմող ռուսական հաքերային խմբի: Նրանք հաքերային հարձակումներն իրականացնում էին հիմնականում ավանդական մեթոդներով՝ հասանելիություն ստանալով օգտատերերի հաշիվներին: Դա պարզելուց հետո (2015թ. կեսին), մենք տեղեկացրինք Հետաքննությունների դաշնային բյուրոյին: Երբ 2016թ. անցկացվող նախագահական արշավի ժամանակ նկատեցինք նույնպիսի ակտիվություն, տեղյակ պահեցինք և՛ դեմոկրատներին, և՛ հանրապետականներին»,-պատմել է Ցուկերբերգը:

Նա մանրամասնել է, որ ռուսական հաքերային խմբերը կեղծ հաշիվների ցանց էին ստեղծել՝ ընտրողներին թյուրիմացության մեջ գցող տեղեկություն տարածելու համար:

Ցուկերբերգի խոսքով՝ Facebook-ի հայտնաբերած բոլոր ապացույցները փոխանցվել են Ռուսաստանի հավանական միջամտության հարցի հետաքննությամբ զբաղվող դատախազ Ռոբերտ Մյուլերին:

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Միացյալ Նահանգների արդարադատության նախարարությունը դատախազ Ռոբերտ Մյուլերի կողմից 2016թ. ԱՄՆ-ում կայացած նախագահական ընտրություններին Ռուսաստանի հավանական միջամտության վերաբերյալ տարվող հետաքննության շրջանակում նոր մեղադրանք է ներկայացրել Ռուսաստանի Դաշնության 12 քաղաքացու դեմ:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որը նախկինում հերքում էր Մոսկվայի միջամտության վարկածը, օրերս հայտարարել էր, որ ռուսական կողմն իրոք միջամտել է և որ դրա համար պետք է պատասխանատվություն կրի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Մինչդեռ Պուտինը հուլիսի 16-ին Fox News-ին տված հարցազրույցում ևս մեկ անգամ հայտարարել էր, որ իր երկիրը «երբեք չի միջամտել ԱՄՆ-ի ներքին գործերին, այդ թվում՝ ընտրություններին»:

«Դուք իրապե՞ս հավատացած եք, որ Ռուսաստանի տարածքից ինչ-որ մեկը կարող էր ազդել միլիոնավոր ամերիկացիների ընտրության վրա»,-հարց էր հղել Պուտինը՝ հավելելով, որ «դա ուղղակի ծիծաղելի է»:

Միացյալ Նահանգների հետախուզությունը Կրեմլին մեղադրում է 2016թ. նախագահական ընտրություններին միջամտելու, դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնի դեմ ուղղված տեղեկություններ հրապարակելու ու հանրապետական Թրամփի հաղթանակին աջակցելու համար:

Facebook-ն ԱՄՆ նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտության հարցով ապացույցներ ունի. Ցուկերբերգ