Ռիո դե Ժանեյրոյում գողացել են Ֆիլդսյան մրցանակի դափնեկրի մեդալը
Ֆիլդսյան մրցանակի դափնեկիր, ազգությամբ քուրդ 40-ամյա մաթեմատիկոս Քաուշեր Բիրքարը զրկվել է 4.1 հազար դոլար արժողությամբ իր մեդալից այն ստանալուց ընդամենը կես ժամ անց: Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, մրցանակաբաշխության արարողությունն անցկացվել է օգոստոսի մեկին Ռիո դե Ժանեյրոյում, իսկ մրցանակաբաշխությունից ընդամենը րոպեներ անց Բիրքարի մեդալը գողացվել է:
Նշվում է, որ մրցանակաբաշխության կազմակերպիչները փոխանցել են անվտանգության տեսախցիկների տվյալները իրավապահ մարմիններին և ոստիկանությունն արդեն պարզել է հանցագործի ինքնությունը, սակայն մեդալը դեռ չի գտնվել:
Ֆիլդսյան մրցանակը միջազգային մրցանակ է և մեդալ, որոնք շնորհվում են մինչև 40 տարեկան մաթեմատիկոսներին 4 տարին մեկ անգամ Միջազգային մաթեմատիկական կոնգրեսի ժամանակ: Այն հաճախ անվանում են «նոբելյան մրցանակ մաթեմատիկոսների համար», քանի որ մաթեմատիկոսներին չի տրվում Նոբելյան մրցանակ:
2018 թվականին Ֆիլդսյան մրցանակի դափնեկիրներ են դարձել ազգությամբ քուրդ Քաուշեր Բիրքարը, իտալացի Ալեսիո Ֆիգալին, գերմանացի Պետեր Շոլցեն և Աքշայ Վենկատեշը:










