ԵՊՀ համապատասխան ֆակուլտետների և Դիվանագիտական ու Արդարադատության ակադեմիաների գործառույթները չեն հակադրվում. Ա. Աշոտյանը՝ վարչապետի հայտարարության մասին
Կառավարության երեկվա նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև բարձրագույն կրթության ոլորտում բուհերի խոշորացում իրականացնելու խնդրին: Հարցը իրոք խիստ կարևոր է, բազմիցս ասել եմ, որ մեր երկրում չկա համապատասխան գիտա-մանկավարժական, հետազոտական և ենթակառուցվածքային ներուժ այդ քանակությամբ պետական և մասնավոր բուհեր ունենալու համար, ինչը ուղղակիորեն ազդում է կրթության որակի վրա:
Այս մասին գրել է ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր, կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանը՝ Facebook-ի իր էջում։
«Նախարար աշխատած տարիներին մեր թիմին հաջողվել էր 2009 թվականին 90-ից ավել մասնավոր բուհերի թիվը 2015-ին հասցնել շուրջ 30-ի, ինչը էլի շատ էր: Միաժամանակ օրենսդրական հիմքով ԿԳՆ դաշտ էի բերել նաև բժշկական կրթության մասնավոր հաստատությունները, բայց ամբողջությամբ լուծել խնդիրը չեմ հասցրել:
Սակայն երեկվա նիստին վարչապետի բերած օրինակների մասով մտահոգ եմ: Դիվանագիտական ակադեմիան և Արդարադատության ակադեմիան հետդիպլոմային կրթության հաստատություններ են, որոնք շարունակական կրթության և մասնագիտական վերապատրաստումների հնարավորություն են ստեղծում ոլորտի մասնագետների համար:
Երկուսն էլ հիմնադրվել են և աշխատել են ԵՄ աջակցությամբ: ԵՊՀ համապատասխան ֆակուլտետների և այս ակադեմիաների գործառույթները չեն հակադրվում, այլ մեկը մյուսի շարունակությունն են:
Կարծում եմ՝ արտաքին գործերի, արդարադատության, կրթության և գիտության նախարարները պետք է միասին պարզաբանեն հարցը»,-գրել է Աշոտյանը:
Հիշեցնենք, որ երեկ կառավարության նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցադրում էր արել՝ արդյո՞ք պետք չէ սինխրոնիզացնել բուհական, կրթական համակարգը։ «Եթե համոզված ենք, որ Դիվանագիտական ակադեմիան ավելի լավ կրթություն է տալիս՝ ունենալով մագիստրատուրայի կարգավիճակ, ինչո՞ւ չենք նույնականացնում արտաքին հարաբերությունների ֆակուլտետի մագիստրատուրայի հետ»,- որպես օրինակ նշել էր վարչապետը։










