ԱՄՆ-ում վաճառքի է հանվել Ferrari F50 սուպերքարի առաջին նմուշը (լուսանկարներ)
Բացառիկ ավտոմեքենաների վաճառքով զբաղվող Autosport Designs ամերիկյան ընկերությունը վաճառքի է հանել Ferrari F50 սուպերքարի առաջին նմուշը: Այս մասին հայտնում է Motor.ru-ն:
Հայտնի է, որ 1994 թվականին ավտոմեքենան փորձարկվել է, իսկ 1995 թվականին ցուցադրվել Ժնևի և Տոկիոյի ավտոսրահներում:
1997 թվականին Ferrari F50-ն ամբողջությամբ վերականգնվել ու հասցվել է իր նախնական վիճակին. այն նախապատրաստել են առաջին մասնավոր սեփականատիրոջը փոխանցելու համար: Ավտոմեքենան ձեռք է բերել բելգիացի հավաքորդ և ավտոմրցարշավորդ Ժակ Սվատերսը: Ավելի ուշ այն ևս երեք տեր է ունեցել և արդյունքում հայտնվել ԱՄՆ-ում:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Ferrari F50-ի հետ մեկտեղ գնորդը կստանա այն բոլոր փաստաթղթերը, որոնք հաստատում են սուպերքարի պատմությունը, ինչպես նաև՝ ֆիրմային աքսեսուարների հավաքածուն և Ferrari Classiche վկայականը:
Նշվում է, որ այս տարի ավտոմեքենան ամբողջական տեխնիկական զննության է ենթարկվել և գտնվում է գերազանց վիճակում: Եզակի ավտոմեքենայի վազքը 2.253 կմ է:


















