Վրաստանի որոշ բնակիչներ չգիտեն՝ ինչ է համացանցը. սոցհարցում

15:36 • 05.08.18

Վրաստանում հունիսի 23-ից հուլիսի 8-ն անցկացված սոցհարցման արդյունքները փաստում են, որ հարցվածների 1%-ը գաղափար չունի՝ ինչ ասել է համացանց, ևս 28%-ը կյանքում գեթ մեկ անգամ չի օգտվել դրանից:

Ինչպես նշում է korrespondent.net-ը, սոցհարցումն անցկացվել է ԱՄՆ-ի ազգային ժողովրդավարական ինտիտուտի կողմից:

Երբ սոցհարցում անցկացնողները հետաքրքրվել են, թե ինչ հաճախականությամբ են Վրաստանի բնակիչներն օգտվում համացանցից, մարդկանց 1%-ն ասել է, որ «չգիտի, թե դա ինչ է»: Եվս 28%-ը խոստովանել է, որ կյանքում ոչ մի անգամ չի օգտվել համացանցից:

Սոցհարցման արդյունքում պարզվել է, որ Վրաստանում համացանցից առավել շատ օգտվում են մայրաքաղաք Թբիլիսիի բնակիչները: Նրանց 81%-ը նշել է, որ ամեն օր օգտվում է համացանցից:

Մինչդեռ գյուղերի բնակիչների միայն 49%-ն է նշել, որ մուտք է գործում համաշխարհային սարդոստայն: Եվ 41%-ն ասել է, որ ապրում է առանց համացանցի: Հավելենք, որ սոցհարցմանը մասնակցել է 2409 չափահաս մարդ:

 

Վրաստանի որոշ բնակիչներ չգիտեն՝ ինչ է համացանցը. սոցհարցում