Մոսկվայի մարզում Բորիս Գոդունովի ժամանակների մետաղադրամներով գանձ է հայտնաբերվել (լուսանկար)

13:05 • 08.08.18

ՌԴ Մոսկվայի մարզի Պավլովո-Պոսադսկի շրջանում գիտնականները կավե անոթի մեջ մետաղադրամներով գանձ են հայտնաբերել, որը թվագրվում է 17-րդ դարին: Այդ մասին հայտնում է «РИА Новости»-ն՝ հղում անելով Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Հնագիտության ինստիտուտի մամուլի ծառայությանը:

Նշվում է, որ գանձն օգնել է մի շարք հետաքրքիր մանրամասներ բացահայտել վերջին Ռյուրիկովիչների ժամանակաշրջանի Ռուսական պետության էկոնոմիկայի պատմության մասին:

Հնագետների խոսքով՝ այս գանձը զարմացրել է նույնիսկ փորձառու մասնագետներին: Այն ոչ միայն խոշոր է, այլ նաև՝ լավ պահպանված:

Գիտնականները հայտնաբերել են կավե անոթը պեղումների ժամանակ, որոնք անցկացվել են Պավլովո-Պոսադսկի շրջանում ճանապարհ կառուցելուց առաջ: Ժամանակին այնտեղ գյուղ է եղել:

Մասնագետները մանրամասնել են, որ անոթի մեջ հայտնաբերված մետաղադրամների գրեթե 98 տոկոսը ծագում է Բորիս Գոդունովի կառավարման ժամանակաշրջանից (1598-1605 թթ.):

Ընդհանուր առմամբ, հնագետները 6 ռուբլի 23 կոպեկ են գտել անոթի մեջ, ինչն այն ժամանակահատվածի համար բավական մեծ գումար էր, որով հնարավոր կլիներ տուն կառուցել կամ ձի և կով գնել:  

Դեռևս անհայտ է՝ ով էր գանձի տերը, որտեղից նա այդքան գումար ուներ, ինչու է նա այդչափ մեծ գումար թաքցրել և ինչ է տեղի ունեցել այդ վայրում 17-րդ դարի սկզբին:

 

Մոսկվայի մարզում Բորիս Գոդունովի ժամանակների մետաղադրամներով գանձ է հայտնաբերվել (լուսանկար)