Հաքերները սովորել են փոփոխությունների ենթարկել WhatsApp-ում հաղորդագրությունները
Հաքերները WhatsApp-ում վտանգավոր խոցելիություն են հայտնաբերել, որը թույլ է տալիս որսալ և փոխել հաղորդագրություններն անձնական և խմբային նամակագրություններում: Խոցելիության մասին հայտնել են Check Point-ից կիբեռանվտանգության հետազոտողներն իրենց կայքում:
Դա հնարավոր է անել ծառայության բջջային և վեբ տարբերակներում տվյալների սինքրոնացման համար գործիքներում խոցելիության պատճառով: Դրա շնորհիվ կիբեռհանցագործները կարող են մի քանի միջոց օգտագործել օգտատերերի հաղորդագրություններում փոփոխություններ մտցնելու համար:
Օրինակ՝ նրանք կարող են օգտագործել «Մեջբերում» գործառույթը խմբային նամակագրություններում՝ փոխելու համար հաղորդագրությունն ուղարկողի անունը մեկ այլ անունով, անգամ եթե ընտրված մարդը խմբի անդամ չէ: Բացի այդ, նրանք կարող են խմբագրել զրուցակցի տեքստը պատասխան հաղորդագրությունում:
Մասնագետները տեղեկացրել են WhatsApp-ին հայտնաբերված խոցելիության մասին: Ընկերությունում ընդունել են խնդիրը և խոստացել լուծել այն մոտ ժամանակներս:
Մասնագետները նշում են, որ անվտանգության համակարգում հայտնաբերված խոցելիությունը մեծ վտանգ է ներկայացնում, քանի որ հաքերները դրա օգնությամբ կարող են ապատեղեկատվություն ստեղծել և տարածել:










