Ընտանի կենդանիներն ավելի երջանիկ ու հաջողակ են դարձնում մարդկանց. հետազոտություն
Ընտանի կենդանիները ոչ միայն ավելի երջանիկ, այլ նաև հաջողակ են դարձնում մարդկանց: Այս եզրակացությանն է եկել բրիտանացի հոգեբան Կորին Սվիթը:
The Daily Mail-ի հաղորդմամբ՝ Սվիթն ապացուցել է, որ ընտանի կենդանիների և մարդու սոցիալական ակտիվության միջև կապի հատուկ տեսակ կա: Կենդանիների հետ ջերմ հարաբերությունները զգալիորեն ազդում են մարդու վրա՝ ավելի երջանիկ ու հաջողակ դարձնելով նրան:
Վիճակագրական տվյալների ուսումնասիրության արդյունքում Սվիթը պարզել է, որ մեկ և ավելի ընտանի կենդանիներ պահող մարդիկ ավելի հազվադեպ են բուժօգնության համար դիմել, ինչպես նաև՝ իրենց գործընկերներից ավելի մեծ հաջողությունների են հասել: Բացի այդ, նրանք ավելի բարեհաջող և արագ են դասավորել իրենց անձնական կյանքը:
Հոգեբանների կարծիքով՝ կենդանիներն օգնում են մարդկանց ավելի արագ ու հեշտ հաղթահարել դժվարությունները: Բացի այդ, կենդանիներ պահող մարդիկ ավելի ակտիվ ու մոտիվացված են, ինչը թույլ է տալիս նրանց ավելի մեծ գումարներ վաստակել, քան կենդանիներ չպահող նրանց գործընկերները:










