Թրամփն արգելել է կառավարության անդամներին օգտագործել չինական Huawei-ի և ZTE-ի սարքերը

13:28 • 14.08.18

Չինական Huawei և ZTE տեխնոլոգիական ընկերությունների գաջեթներն այլևս չեն օգտագործվի Միացյալ Նահանգների կառավարության անդամների, ինչպես նաև կառավարության հետ պայմանագրեր կնքողների կողմից:

Ինչպես նշում է The Verge-ը, երկրի նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է արգելքի վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ:

Աղբյուրը մանրամասնում է, որ հանրապետականների (Թրամփը ևս հանրապետական է-tert.am) կարծիքով՝ չինական ընկերությունները վտանգ են ներկայացնում ԱՄՆ-ի ազգային անվտանգության համար, քանի որ այդ ընկերությունների արտադրած սարքերը կարող են գաղտնալսել ու կարևոր տեղեկություններ ստանալ:

Հայտնի է, որ դեռևս հունիսին Սենատը քվեարկության արդյունքում որոշել էր առևտրային արգելք սահմանել ZTE-ի արտադրանքի նկատմամբ: Սակայն Ներկայացուցիչների պալատը համակարծիք չէր Սենատի հետ:

Ի վերջո, Կոնգրեսը որոշել է, որ կարգելի ԱՄՆ-ի կառավարությանը և նրա հետ աշխատել ցանկացողներին օգտագործել Huawei, ZTE և մի շարք այլ չինական ընկերությունների արտադրանքը:

Հայտնի է, որ Թրամփի ստորագրելուց հետո, արգելքն ուժի մեջ կմնա 2 տարի:

 

 

Թրամփն արգելել է կառավարության անդամներին օգտագործել չինական Huawei-ի և ZTE-ի սարքերը