Արետա երկնաքարը շարունակում է պտտվել Մարսի շուրջ. ՆԱՍԱ-ն գրառում է արել լեգենդար երգչուհու մահվան կապակցությամբ
ԱՄՆ օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը (ՆԱՍԱ) օգոստոսի 16-ին կյանքից հեռացած սիրված երգչուհի Արետա Ֆրանկլինի հիշատակին նվիրված գրառում է արել Twitter-ում:
«Մենք վշտացած ենք Արետա Ֆրանկլինի կորստով: 249516 Արետա երկնաքարը, որը հայտնաբերվել է NEOWISE առաքելության ընթացքում ու անվանակոչվել է ի պատիվ երգչուհու, կշարունակի պտտվել Մարսի շուրջ»,-ասված է գրառման մեջ:
Հայտնի է, որ 249516 Արետա երկնաքարը հայտնաբերվել է 2010թ. ու 4 տարի անց անվանվել լեգենդար երգչուհու պատվին:

Ֆրանկլինն իր կարիերան սկսել է 1960-ական թվականներին՝ երգելով այն եկեղեցում, որտեղ աշխատում էր իր քահանա հայրը: Արտասովոր ուժեղ ու արտահայտիչ ձայնի շնորհիվ նրան կնքել են «սոուլի թագուհի»:
Հայտնի է, որ Արետա Ֆրանկլինը կոմերցիոն տեսակետից աշխարհում ամենահաջողակ երգչուհիներից է: Նրա ձայնասկավառակները վաճառվել են ավելի քան 75 մլն օրինակով: Նա 18 անգամ արժանացել է հեղինակավոր «Գրեմմի»՝ այդ թվում նաև 3 հատուկ մրցանակի:
Ֆրանկլինը վերջին մի քանի տարում պայքարել է առողջական լուրջ խնդիրների դեմ: Նախորդ տարի նա չեղարկել էր մի շարք համերգներ, քանի որ բժիշկները երգչուհուն արգելել էին բեմ բարձրանալ:
Աստղի վերջին համերգը տեղի է ունեցել 2017թ. օգոստոսին:
Հայտնի է, որ Ֆրանկլինն ամբողջ կյանքի ընթացքում պայքարել է ավելորդ քաշի դեմ, ալկոհոլի չարաշահման, ինչպես նաև ծխելու հետ խնդիրներ է ունեցել: 2011թ. լուրեր են տարածվել, որ նա քաղցկեղով է հիվանդ, սակայն երգչուհին հերքել էր դա: Սակայն այժմ պարզվել է, որ նա ունեցել է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ:
Արետա Ֆրանկլինը եղել է Ռոքնռոլի փառքի սրահում ներկայացված առաջին կինը:











