Թուրքական խոշոր ընկերությունները չեղարկում են iPhone-ի ներկրման պատվերները

11:22 • 17.08.18

Թուրքական ամենախոշոր առևտրային հարթակներից Doğubank-ը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ ԱՄՆ-ում արտադրվող էլեկտրատեխնիկան բոյկոտելու կոչից հետո չեղարկել է Apple ընկերությունից ավելի վաղ պատվիրված շուրջ 50 մլն դոլարի iPhone սմարթֆոնների պատվերները, գրում է թուրքական T24 կայքը։

Աղբյուրը հայտնում է, որ Doğubank-ից բացի՝ ամերիկյան էլեկտրատեխնիկայի մեծաքանակ պատվերների չեղարկումներ կամ հետաձգումներ են սկսել նաև Ստամբուլում գործող խոշոր առևտրային կետերի մեծ մասը։

Նշվում է, որ, ամենայն հավանականությամբ, էլեկտրատեխնիկայի ներկրմամբ զբաղվող ընկերությունների ղեկավարների մեծ մասը սեպտեմբերի սկզբին ամերիկյան սմարթֆոնները կրկին վաճառասեղանին կդնի՝ լուրջ թանկացումներ մտցնելով։ 

Ըստ թուրքական «Սաբահ» պարբերականի՝ խոշոր ներկրողներն իրականում ցանկանում են օգտվել Թուրքիայում դոլարի կտրուկ թանկացումից, և չնայած առկա պահանջարկին՝ այժմ սպասեցնում են ներկրված էլեկտրատեխնիկան պահեստներում՝ ավելի ուշ դրանք առավել բարձր գնով վաճառելու նպատակով։

Օրեր առաջ թուրք քաղաքական գործիչ, «Գորշ գայլեր» ազգայնական խմբավորման քաղաքական թևը համարվող «Ազգային շարժում» կուսակցության՝ Օրդուից ընտրված պատգամավոր Ջեմալ Էնգինյուրթը հրապարակայնորեն կոտրել է իր iPhone-ը՝ ի նշան ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի դեմ սահմանված պատժամիջոցների դեմ բողոքի։

Հիշեցնենք, որ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան կբոյկոտի ԱՄՆ-ում արտադրվող էլեկտրատեխնիկան։

Նախագահը մանրամասնել էր, որ Թուրքիան համապատասխան քայլեր է ձեռնարկում տնտեսությունը կայուն պահելու համար:

Օրերս ԱՄՆ-ը կրկնապատկել է Թուրքիայից ալյումինի ու պողպատի ներկրման համար մաքսատուրքերը, ինչպես նաև Թուրքիայում ամերիկացի հոգևորականի կալանավորման շուրջ տարաձայնությունների ֆոնին նոր պատժամիջոցներ է սահմանել Անկարայի նկատմամբ:

Թուրքական խոշոր ընկերությունները չեղարկում են iPhone-ի ներկրման պատվերները