Facebook-ը Ռուսաստանի և Իրանի հետ կապված մի շարք էջեր է ջնջել
Ամերիկյան Facebook ընկերությունն իր սոցիալական ցանցում ոչ հավաստի տեղեկության տարածման դեմ պայքարի շրջանակներում մի շարք էջեր է ջնջել` այդ թվում նաև Ռուսաստանի և Իրանի հետ կապված: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն` ընկերության տարածած հայտարարությանը հղումով:
«Այսօր մենք ջնջել ենք մի շարք էջեր, խմբեր ու հաշիվներ Facebook-ում և Instagram-ում համաձայնեցված ոչ հավաստի գործունեության համար: Այդ գործունեության մի մասը ծավալվել է Իրանում, մյուս մասը՝ Ռուսաստանում»,- ասվում է հայտարարության մեջ:
Նշվում է, որ ռուսական ու իրանական էջերը կապված չէին միմյանց հետ, սակայն կիրառվում էին նման մարտավարություն` մարդկանց մոլորեցնելու համար հաշիվների ցանցեր ստեղծելով: Ընկերության հաղորդմամբ՝ ջնջվել է 652 «իրանական» էջ, որոնք իրենց գործունեությունը ծավալում էին Մերձավոր Արևելքի, Լատինական Ամերիկայի, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի օգտատերերի շրջանում:
«Մենք արգելում ենք նման պահվածքը, քանի որ ցանկանում ենք, որ մարդիկ վստահեն այն կապերին, որոնք իրենք հաստատում են Facebook-ում»- նշում են ընկերությունում:










