«Կալաշնիկով»-ը ներկայացրել է Tesla-ի ռետրո «մրցակցին»
Ռուսական ռազմաարդյունաբերության ոլորտի ամենախոշոր ընկերություններից մեկը՝ «Կալաշնիկով»-ը, ներկայացրել է սեփական արտադրության նոր էլեկտրական մեքենա՝ նախատեսված միլիարդատեր Իլոն Մասկի ստեղծած Tesla մոդելների հետ մրցակցության համար:
Ինչպես նշում է The Guardian-ը, ռետրո ոճի մեքենան ներկայացվել է Մոսկվայում կայացած էքսպո ցուցահանդեսի շրջանակում: Այն դեռևս նախնական օրինակի տարբերակով է, բաց երկնագույն է ու կոչվում է ՍՎ-1:
Հետաքրքրական է, որ մոդելը ստեղծվել է խորհրդային արտադրության «ԻԺ Կոմբի» մոդելի հիմքով:
«Կալաշնիկով»-ի փոխանցմամբ՝ նորույթն էլեկտրական «սուպերքար» է ու կարող է «հեղափոխություն» իրագործել շուկայում: Մեքենան մեկ լիցքավորմամբ կարող է անցնել 350 կմ:
«Նոր տեխնոլոգիան մեզ թույլ կտա նույն շարքում կանգնել Tesla-ի և էլեկտրական մեքենաների մյուս համաշխարհային արտադրողների կողքին ու մրցել նրանց հետ»,-հայտնել են ընկերության մամուլի ծառայությունից:










