Ամերիկացի միլիարդատեր Ուորեն Բաֆեթը հայտարարել է, որ iPhone-ը չափազանց մատչելի է
Հանրահայտ ներդնող, ամերիկացի միլիարդատեր Ուորեն Բաֆեթը հայտարարել է, որ iPhone X սմարթֆոնը շատ ավելի թանկ պետք է արժենա, քան արժե հիմա:
Ինչպես գրում է Business Insider-ը, վերջինս նշել է, որ Apple-ի առաջադեմ սմարթֆոնի գինը, որը կազմում է շուրջ 1000 դոլար, չի համապատասխանում դրա օգտակարությանը: Ձեռներեցն ամերիկյան տեխնոլոգիական հսկայի սմարթֆոնը համեմատել է մասնավոր ինքնաթիռի հետ, որը շատ օգտակար է, բայց որի վրա ինքը տարեկան շուրջ մեկ մլն դոլար է ծախսում:
«iPhone X-ը նույնպես շատ օգտակար է հարյուր միլիոնավոր մարդկանց համար, որոնք գործնականում ապրում են իրենց սմարթֆոնում», - ընդգծել է Բաֆեթը:
Միլիարդատեր գործարարն, ի դեպ, նշել է, որ ինքն «այֆոն» չի օգտագործում, քանի որ նախընտրում է ստեղներով հեռախոսներ, սակայն հաճախ օգտվում է iPad-ից:
Աղբյուրը հիշեցնում է, որ մայիսին Բաֆեթը ձեռք է բերել Apple-ի բաժնետոմսերի մի մասը՝ դառնալով ամերիկյան ընկերության երկրորդ խոշորագույն բաժնետերը:










