Սթենֆորդի համալսարանի ուսանողուհին բացահայտել է հին եգիպտական մումիայի «գաղտնիքը» (լուսանկարներ)

09:28 • 01.09.18

Սթենֆորդի համալսարանի ուսանողուհի Արիելա Ալգազեն հայտնաբերել ու վերծանել է սարկոֆագի բեկորների տեքստի հատվածները, որոնք ավելի քան 100 տարի առաջ տեղ են գտել ուսումնական հաստատության հավաքածուում: Այս մասին հաղորդում է Phys.org պորտալը:

Աղբյուրը մանրամասնում է, որ 1901 թվականին համալսարանի հիմնադրի կինը՝ Ջեյն Սթենֆորդը, ձեռք է բերել մումիան: Հինգ տարի անց սարկոֆագը լրջորեն վնասվել է երկրաշարժի հետևանքով: Այն պահվել է ուսումնական հաստատության թանգարանում, և գիտնականները որևէ գրություն չեն նկատել դրա վրա:

2018 թվականի գարնանը թանգարանային մշակույթի դասընթացի ուսանողներն ուսումնասիրել են օբյեկտը: Հետազոտելով դամբարանը՝ Ալգազեն տեքստ պարունակող երկու օբյեկտ է հայտնաբերել:

Եգիպտագետներն օգնել են աղջկան թարգմանել բառերն ու վերծանել այն կնոջ անունը, որին պատկանում են մնացորդները: Պարզվել է՝ կնոջ անունը Սենչալանտոս է եղել, իսկ տապանագրում գրված է. «Թող նրա անունն օրըստօրե երիտասարդանա»:

Գրության ոճի միջոցով մասնագետները բացահայտել են եգիպտուհու մահվան մոտավոր ամսաթիվը՝ մ.թ.ա. 30 թվականից ոչ ավելի վաղ: Սա Եգիպտոսի պատմության հելլենիստական շրջանն է, որից գիտնականները շատ հազվադեպ են տեքստեր գտնում:

 

 

 

Սթենֆորդի համալսարանի ուսանողուհին բացահայտել է հին եգիպտական մումիայի «գաղտնիքը» (լուսանկարներ)