Apple-ի ինքնակառավարվող համակարգով համալրված մեքենան առաջին անգամ վթարի է ենթարկվել
Կալիֆոռնիայի իշխանություններն առաջին անգամ հայտնել են Apple ընկերության ինքնակառավարվող համակարգով համալրված մեքենայի վթարի ենթարկվելու մասին։ Համապատասխան տեղեկությունը հրապարակվել է նահանգի ավտոտրանսպորտային վարչության կայքում, գրում է TechCrunch-ը։
Նշվում է, որ վթարը տեղի է ունեցել օգոստոսի 24-ին։ Lexus մակնիշի ավտոմեքենան, որի միջոցով Apple-ը փորձարկում է իր ինքնակառավարվող համակարգը, պետք է փոխեր ճանապարհային գիծը, այդ պահին նրան է բախվել այլ մեքենա։ Ոչ ոք չի տուժել, սակայն երկու մեքենաներն էլ վնասվել են։
Համաձայն առկա տվյալների՝ Apple-ի ավտոմեքենան մինչ բախումն ընթանալիս է եղել 1,5 կմ/ժ արագությամբ, իսկ մյուս մեքենան՝ մոտ 24 կմ/ժ։
Լրատվամիջոցները հայտնում են, որ Apple-ն իր ինքնակառավարվող համակարգը փորձարկում է մոտ 50 մեքենայի վրա։










