Ռուսաստանը Google-ին նախազգուշացրել է չմիջամտել ընտրություններին. Google-ն արձագանքել է

16:21 • 04.09.18

Ռուսաստանի Դաշնության դատախազությունը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ու «Ռոսկոմնադզոր»-ը նախազգուշացրել են Google տեխնոլոգիական ընկերությանը Ռուսաստանում կայանալիք ընտրություններին միջամտելու անթույլատրելիության մասին:

Ինչպես նշում է gazeta.ru-ն, «Ռոսկոմնադզոր»-ի փոխնախագահ Վադիմ Սուբոտինը պատմել է, որ «տասնյակ  մասնագիտացված յութուբյան ալիքներ» զանգվածաբար կոչ են անում խախտել ռուսական օրենսդրությունը:

Պաշտոնյան մանրամասնել է, որ Google-ին արդեն համապատասխան նամակ է ուղարկվել:

«Մենք ցանկանում ենք նախազգուշացնել արտասահմանյան ընկերություններին՝ այդ թվում նաև Google-ին, ՌԴ տարածքում ապօրինի գործունեության համար իրենց ռեսուրսների տրամադրման անթույլատրելիության մասին»,-ասել է Սուբոտինը:

Մինչդեռ Google-ից հայտնել են, որ կուսումնասիրեն ռուսական իշխանություններից ստացած բոլոր հիմնավոր դիմումները:

 

Ռուսաստանը Google-ին նախազգուշացրել է չմիջամտել ընտրություններին. Google-ն արձագանքել է