Սա դենիմի ապագան է. Levi’s-ը ցույց է տվել՝ ինչպես է լազերով մշակում ջինսերը (տեսանյութ)
Insider կայքն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է ուշագրավ տեսանյութ՝ բացահայտելով հանրահայտ Levi’s ընկերության՝ ջինսե տաբատները լազերով մշակելու նորարարական տեխնիկան:
Աղբյուրը նկատում է, որ այս մեթոդը կդառնա դենիմի ապագան:
Լազերի միջոցով տաբատները գունաթափվում են, ստանում անհրաժեշտ երանգը, ինչպես նաև դրանց վրա արտատպվում են անհրաժեշտ գրությունները: Արդյունքում՝ հագուստը ստանում է վինտաժային տեսք ու համապատասխանում է գնորդի անհատական ցանկություններին:
Հայտնի է, որ այս մեթոդն առայժմ կիրառվում է ընկերության՝ Կալիֆոռնիայում գտնվող խանութներից միայն մեկում, որտեղ հաճախորդն ընտրում է իր ուզած մոդելն ու անձամբ որոշում, թե այն լազերով ինչպես է մշակվելու:
Հայտնի է, որ ավանդական տարբերակով ջինսե տաբատին վերջնական տեսք տալը բավական բարդ գործընթաց է, որը պահանջում է ինտենսիվ աշխատանք ու քիմիական նյութերի կիրառում: Սակայն մասնագետների պնդմամբ՝ լազերն ամեն ինչ փոխում է, ավելի հեշտացնում:
Այն ոչ միայն թեթևացնում է մարդու աշխատանքը, այլև էապես կրճատում գործընթացի ժամանակ օգտագործվող քիմիական նյութերի քանակը:
«Նախկինում մենք օգտագործում էինք հազարավոր քիմիական նյութեր, իսկ լազերը դրանց թիվը նվազեցրել է մի քանի տասնյակի»,-նշել է մասնագետ Բարթ Sայթսը:
Ի դեպ, նորարարական մեթոդով ստեղծված ջինսերից մեկը կրող Քերոլայն Աղաջանյանը նշել է, որ սա հրաշալի տարբերակ է, որի շնորհիվ ամեն ինչ արվում է արագ ու գեղեցիկ:










