Ճապոնիայում «Ջեբի» թայֆունը 51 Ferrari սուպերքար է վնասել
Վերջին 25 տարվա ընթացքում Ճապոնիային պատուհասած ամենաուժեղ թայֆունը՝ «Ջեբի»-ն, Ferrari մակնիշի 51 ավտոմեքենա է հեղեղել ու վնասել Ռոկո կղզում տեղակայված դիլերական կենտրոնում: Այդ մասին հայտնում է Motor.ru-ն:
Ընկերության սեփականատիրոջ խսքով՝ բոլոր սուպերքարերը կուղարկվեն վերամշակման, քանի որ դրանք անհնար է վերանորոգել շարժիչների մեջ ներթափանցած ջրի պատճառով:
Sankei-ի տվյալների համաձայն՝ չնայած բոլոր ձեռնարկված միջոցներին՝ ջուրը ներթափանցել է Ferrari-ի դիլերական կենտրոնի շենք ու հասել մեկ մետրի:
Այդ ընթացքում սրահում գտնվել է Ferrari մակնիշի 53 ավտոմեքենա, որոնցից 51-ը գրեթե ամբողջությամբ հայտնվել են ջրի տակ: Թայֆունի պատճառած վնասի ընդհանուր չափը մեկ մլրդ իեն է:
Ընկերության տերը հույս է հայտնել, որ ծախսերի մի մասը կփոխհատուցվի ապահովագրության միջոցով:
Հիշեցնենք, որ «Ջեբի»-ն մարդկային կյանքեր է խլել և պատճառել բազմաթիվ ավերածություններ:
Թայֆունից առավել շատ տուժել է երկրի արևմտյան հատվածը, որտեղ գտնվող խոշորագույն օդանավակայանները փակվել են՝ հետաձգելով հարյուրավոր չվերթներ:
Սաստիկ քամիներով ու տեղատարափ անձրևներով ուղեկցվող թայֆունը նյութական ահռելի վնաս է պատճառել: Փլուզվել են բազմաթիվ շինություններ, վնասվել հարյուրավո մեքենաներ, կամուրջներ ու ճանապարհներ:
Քամին այն աստիճան ուժեղ է եղել, որ 11 հոգանոց անձնակազմով տանկերը բախվել է Օսակա կամրջին:
Ընդհանուր առմամբ, տարհանվել է 8.000 բնակիչ, տուժել են մոտ 400-ը:










