iPhone-ի նոր մոդելները կկոչվեն iPhone XS, iPhone XS Max, iPhone XC ու կարժենան 699-1000 դոլար. The Verge
Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունը պատրաստվում է սեպտեմբերի 12-ին կայանալիք հատուկ միջոցառման շրջանակում ներկայացնել իր նոր արտադրանքները՝ այդ թվում նաև iPhone սմարթֆոնի նոր մոդելները:
Ինչպես նշում է The Verge-ը, ներկայացվելու են iPhone X-ի ավելի կատարելագործված, ավելի մեծ, ինչպես նաև 6.1 դյույմ անկյունագծով LCD էկրանով տարբերակները:
Քաջատեղյակ աղբյուրի՝ տեխնոլոգիական ոլորտի հայտնի բլոգեր Բեն Գեսկինի փոխանցմամբ՝ iPhone X-ի նոր մոդելը կկոչվի iPhone XS, ավելի մեծ էկրանովը՝ iPhone XS Max կամ Plus, իսկ LCD էկրանովը՝ iPhone XC:
Ինչ վերաբերում է գներին, ապա Գեսկինի տեղեկություններով՝ iPhone XC-ն կարժենա 699 դոլար, iPhone XS-ը՝ 900 դոլար, iPhone XS Max-ը՝ 1000 դոլար:
Բացի այդ, Գեսկինը հրապարակել է iPhone XC-ի նախնական օրինակների լուսանկարը՝ գաղտնազերծելով, որ հեռախոսը հասանելի կլինի կարմիր, սպիտակ և կապույտ գույներով:











