Արհեստական բանականությունն աշխարհի համար ավելի մեծ վտանգ է ներկայացնում, քան ահաբեկչությունը. գիտնական
Արհեստական բանականությունն աշխարհի համար ավելի մեծ վտանգ է ներկայացնում, քան ահաբեկչությունը, հայտարարել է Մեծ Բրիտանիայի ամենահայտնի գիտնականներից մեկը՝ Սարեյի համալսարանի պրոֆեսոր Ջիմ Ալ Խալիլին, որը շուտով ստանձնելու է բրիտանացի գիտնականների ասոցիացիայի նախագահի պաշտոնը:
Ինչպես նշում է Daily Mail-ը, Ալ Խալիլին ընդգծել է, որ արհեստական բանականության ստեղծման հարցում առաջընթացը չափազանց արագ է տեղի ունենում, բայց գործընթացն ըստ հավուր պատշաճի չի վերահսկվում:
Պրոֆեսորի կարծիքով՝ արհեստական ուղեղը երկրներն առավել խոցելի կդարձնի կիբեռհարձակումների նկատմամբ, կհանգեցնի հազարավոր մարդկանց գործազուրկ դառնալուն:
«Եթե մի քանի տարի առաջ ինձ հարցնեին՝ ո՞րն է մեր ապագայի վերաբերյալ ամենակարևոր ու անհանգստացնող հարցը, ես, հավանաբար, կպատասխանեի՝ կլիմայական փոփոխությունները, ահաբեկչությունը կամ համաշխարհային աղքատությունը: Բայց այսօր վստահ եմ, որ դա արհեստական բանականության ստեղծումն է»,-ասել է Ալ Խալիլին:
Պրոֆեսորի խոսքով՝ արհեստական ուղեղը խոստանում է աննախադեպ հեղափոխություն անել, ինչպես պատահեց համացանցի ի հայտ գալուց հետո, սակայն դա լի է մեծ ռիսկերով:
«Եթե կառավարությունները, գիտնականները չվերահսկեն այդ տեխնոլոգիան, այն կհայտնվի հզոր ընկերությունների ձեռքում, որոնք կարող են ըստ իրենց հայեցողության վերակառուցել ժամանակակից հասարակությունը»,-եզրափակել է գիտնականը:











