Պաշտոնական շնորհանդեսից առաջ Apple-ը հաստատել է iPhone XS, iPhone XS Max և iPhone XR մոդելների ստեղծումը

17:03 • 12.09.18

Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունը, որը սեպտեմբերի 12-ին կայանալիք հատուկ միջոցառման շրջանակում պատրաստվում է ներկայացնել արտադրական նորույթները, ոչ ուղղակիորեն հաստատել է iPhone XS, iPhone XS Max և iPhone XR սմարթֆոնների ստեղծումը:

Ինչպես նշում է allthings.how կայքը, ընկերությունը թարմացրել է իր արտադրանքների անվանումների էջը, որում հստակ նշվում են iPhone XS-ն ու iPhone XS Max-ը:

Ավելի ուշ հայտնվել է նաև iPhone XR անվանումը: Աղբյուրը նկատում է, որ նոր մոդելների վերաբերյալ հղումներից որևէ մեկը դեռևս ակտիվ չէ:

Մինչդեռ ավելի վաղ The Verge-ը հաղորդել էր, որ սեպտեմբերի 12-ին ներկայացվելու են iPhone X-ի ավելի կատարելագործված, ավելի մեծ, ինչպես նաև 6.1 դյույմ անկյունագծով LCD էկրանով տարբերակները: 

Քաջատեղյակ աղբյուրի՝ տեխնոլոգիական ոլորտի հայտնի բլոգեր Բեն Գեսկինի փոխանցմամբ՝ iPhone X-ի նոր մոդելը կկոչվի iPhone XS, ավելի մեծ էկրանովը՝ iPhone XS Max կամ Plus, իսկ LCD էկրանովը՝ iPhone XC:

Ինչ վերաբերում է գներին, ապա Գեսկինի տեղեկություններով՝ iPhone XC-ն կարժենա 699 դոլար, iPhone XS-ը՝ 900 դոլար, iPhone XS Max-ը՝ 1000 դոլար:

Բացի այդ, Գեսկինը հրապարակել էր iPhone XC-ի նախնական օրինակների լուսանկարը՝ գաղտնազերծելով, որ հեռախոսը հասանելի կլինի կարմիր, սպիտակ և կապույտ գույներով:

Պաշտոնական շնորհանդեսից առաջ Apple-ը հաստատել է iPhone XS, iPhone XS Max և iPhone XR մոդելների ստեղծումը