«Ռոսկոսմոս»-ն ամերիկացիներին կասկածում է «Սոյուզ» տիեզերանավը միտումնավոր ծակելու համար (լուսանկար)

11:34 • 12.09.18

«Ռոսկոսմոս»-ի հատուկ հանձնաժողովը միանգամայն հավանական է համարում այն վարկածը, համաձայն որի՝ ամերիկացի տիեզերագնացները կարող էին միտումնավոր անցք բացել ռուսական «Սոյուզ ՄՍ-09» տիեզերանավում: Այդ մասին kommersant.ru-ի հետ զրույցում ասել է բարձրաստիճան աղբյուրը:

Նրա փոխանցմամբ՝ ամերիկացի տիեզերագնացները կարող էին միտումնավոր գայլիկոնով ծակած լինել ռուսական տիեզերանավը, որպեսզի ամբողջ անձնակազմի արագ տարհանման հրաման տրվեր ու հնարավորինս արագ Երկիր տեղափոխվեր իրենց հիվանդ գործընկերը:

Ամբողջ անձնակազմի շտապ տարհանումը հնարավորություն կտար հիվանդ ամերիկացի տիեզերագնացին լիարժեք բուժում ստանալու Երկրի վրա, մինչդեռ տիեզերանավի այն հատվածը, որում եղել է անցքը, կայրվեր Երկրի մթնոլորտ մտնելիս:

Աղբյուրի պատմելով՝ հանձնաժողովը եկել է այն եզրահանգմանը, որ անցքն արվել է տիեզերքում: Անցքի կողքին երևում են կետեր, որոնք առաջացել են գայլիկոնի նկատմամբ ճնշման բացակայության հետևանքով: Մասնագետի խոսքով՝ դա բնորոշ է անօդ տարածությունում տարվող աշխատանքներին:

Աղբյուրը նկատում է, որ տվյալ վարկածի հաստատման դեպքում, ռուս-ամերիկյան «տիեզերական» հարաբերություններին մեծ հարված կհասցվի:

Հիշեցնենք, որ օգոստոսի 30-ին «Ռոսկոսմոս»-ի գլխավոր տնօրեն Դմիտրի Ռոգոզինը հայտարարել է, որ Միջազգային տիեզերակայանին կպած «Սոյուզ ՄՍ-09» տիեզերանավից տեղի է ունեցել թթվածնի արտահոսք: Պատճառը եղել է 1.5 մմ լայնությամբ միկրոճաքը: Հետագայում պարզվել է, որ արտահոսքը եղել է տիեզերանավի երեսպատման վրա գայլիկոնի միտումնավոր ազդեցության հետևանք:

Հատկանշական է, որ անցքը եղել է տիեզերանավի՝ ՄՏԿ-ի ամերիկյան հատվածին կպած մասում:

Ներկայում ՄՏԿ-ում գտնվում է 6 տիեզերագնաց, որից 3-ն ամերիկացի են, երկուսը՝ ռուս, իսկ մեկը՝ գերմանացի:

 

«Ռոսկոսմոս»-ն ամերիկացիներին կասկածում է «Սոյուզ» տիեզերանավը միտումնավոր ծակելու համար (լուսանկար)